Ողջ օրը Հայաստանի ակտիվ քաղաքացիներն անցկացրին Ազգային ժողովի մատույցների մոտ՝ պայքարելով, որ ԱԺ-ն չվավերացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Արդյունքը եղավ այն, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը ելույթներ ունեցան, այն համարեցին դավաճանական գործարք: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներն էլ փախել էին, և քվեարկության ժամին նրանց հնարավոր չեղավ բերման ենթարկել: Ինչևէ: ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարեցին, որ երկուշաբթի օրը դեմ են քվեարկելու համաձայնագրին, ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: Ցուցարարներն էլ, որոնք չնայած սաստիկ ցրտին, համառորեն շարունակում էին պայքարել ԱԺ-ի մոտ, հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը, որպեսզի կյանքի չկոչվի Ռուսաստանից մեր կախվածությունը խորացնող այդ համաձայնագիրը: Այս ընթացքում ՖԲ-ում հնչեցին նաև կոչեր, որ համաձայնագրին դեմ ԱԺ պատգամավորները թող վայր դնեն մանդատները: Սակայն համոզիչ բացատրություն չի հնչում, թե մանդատները վայր դնելուց հետո ինչպե՞ս, ի՞նչ լծակներով կարող են պայքարել իշխանությունների ապօրինությունների դեմ: Կոչեր էին հնչում նաև ԱԺ ամբիոնը ընդդիմադիր պատգամավորների կողմից գրավելու մասին: Դեռ հարց է, թե ԱԺ ամբիոնը փոքրամասնության կողմից գրավելը ինչ արդյունք կարող է տալ, և ինչ հետևողականություն կցուցաբերեն իրենք՝ ամբիոնը գրավողները: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների փախուստը ցուցարարների ճնշման ներքո ինձ հիշեցրեց, թե ինչպես էին դատարանի դահլիճից լեղապատառ փախչում Մարտի 1-ի գործով ապօրինի վճիռներ կայացրած դատավորները՝ դատական նիստի մասնակիցների «Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ